Ուսուցիչներ

 

Առանցքային հարցեր

 

  1. Ինչպե՞ս է հնարավոր բարելավել մարդկային ռեսուրսների որակը կրթական համակարգում։
  2. Արդյոք կարո՞ղ է որեւէ կրթական համակարգ հաջողությամբ գործել՝ առանց բարձր որակավորում ունեցող ուսուցիչների։
  3. Ինչպե՞ս կարող են ուսուցիչներն արդյունավետ կիրառել դասագրքերը։
  4. Ինչպե՞ս է պետք կազմակերպել մանկավարժական կրթությունն ու վերապատրաստումը։

 

Խնդիրներ

 

Դասավանդման ընդհանուր որակը Հայաստանում այնպիսի մակարդակի չէ, որն անհրաժեշտ է՝ հասնելու այն կրթական նպատակներին, որոնց ձգտում է երկիրը։ Խնդիրը շատ ավելի լուրջ է մայրաքաղաքից դուրս, հատկապես՝ գյուղական բնակավայրերում։ Կրթության եւ բազմաթիվ ուսուցիչների կամ ուսուցչի մասնագիտություն ընտրած շատերի անձնական ձեռքբերումների համեմատաբար ցածր մակարդակը` զուգակցված դասավանդման հնացած մոտեցումներին հարմարեցված վերապատրաստման դասընթացները, ուսուցիչների կրթության ու վերապատրաստման վիճակը դարձնում են վճռորոշ նշանակություն ունեցող. գերազանց որակավորմամբ ուսուցիչների նոր սերնդի ձեւավորումը երկարաժամկետ ծրագիր է։

 

Բարեփոխումների ուղղություն 1

 

Կարճաժամկետ. մշակել ուսուցիչների վերապատրաստման եւ մոտիվացման նոր համակարգեր.

  • Մշակել ուսուցիչների որակավորման նոր ստանդարտներ ու կատարողականի առանցքային ցուցիչներ (ԿԱՑ/KPIs) եւ հետեւել դրանց կատարմանը, ինչպես նաեւ ուսուցիչների համար նախատեսել խրախուսման համապատասխան ձեւեր.
  • Զուգահեռ մշակել և ուսուցիչների համար հասանելի դարձնել վերապատրաստման լավ մտածված տարբերակներ, որոնց նրանք կկարողանան մասնակցել կամավորական հիմունքներով, եւ դրանք համապատասխանեցնել որակավորման նոր ստանդարտներին ու ԿԱՑ-երին.
  • Խրախուսիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի մասնագիտացած որակյալ ուսուցիչները մի քանի տարի անցկացնեն գյուղական բնակավայրերում.
  • Ստեղծել փաստաթղթավորվող մենթորային հարաբերություններ լավագույն փորձառու ուսուցիչների եւ ամենախոստումնալից, սակայն փորձ չունեցող ուսուցիչների միջեւ։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Այլընտանքային դպրոցները պետք է կարողանան պատրաստել ուսուցիչներ:
  • Մանկավարժականի ուսանողները պետք է հիմնականում գործուղվեն բարձր դասարաններում դասավանդելու համար, իսկ ցածր դասարանների դասվարները պետք է լինեն գյուղից:
  • Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի փորձը պետք է լինի բաց և թափանցիկ, հասանելի բոլոր դպրոցների համար:
  • Պետական մակարդակով պետք է լուծվի կոռուպցիոն միջոցներով աշխատանքի ընդունված ուսուցիչների հարցը:

 

 

Բարեփոխումների ուղղություն 2

 

Միջնաժամկետ. մշակել ծավալուն վերապատրաստում եւ ակադեմական կրթություն չպահանջող ուսուցման ունակություններով կրթական ծրագրեր եւ դասավանդման մեթոդներ.

 

  • Ստեղծել եւ վերամշակել ինքնուսուցման նյութեր հիմնական առարկաների համար, որոնք կօգտագործեն ինչպես սովորողները, այնպես էլ ուսուցիչները.
  • Կրտսեր ուսուցիչներին վերապատրաստել որպես փորձագետ մարզիչների ու վարչարարների՝ աջակցելու ինքնուսուցման գործընթացին և լրացնելու այն.
  • Աջակցել եւ մշտադիտարկել ստեղծվող այլընտրանքային/ փորձարարական փոքրաթիվ դպրոցներին, որոնք շեշտադրում են ինքնուսուցումը, ուսումնառությունը գործնական աշխատանքի եւ դասավանդման միջոցով՝ օգտագործելով ուղղորդիչ ուսուցիչների.
  • Այլընտրանքային/ փորձարարական դպրոցներից ստացված ամենահաջող մոդելները, եթե այդպիսիք լինեն, տարածել ավելի շատ դասարանների, առարկաների ու դպրոցների ավելի մեծ քանակի վրա՝ ապահովելով շարունակական մշտադիտարկում, գնահատում եւ ընդլայնում ապագայում։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Շրջանցելով մանկավարժական համալսարանը` ստեղծագործ ուսուցիչները պետք է կազմակերպեն սեմինարներ ու փորձը հանրայնացնելու միջավայր: Ուսուցիչը պետք է կարողանա ընտրել սեփական նյութը:
  • Ուսուցիչը չի կարող դասվար դառնալ, մինչև մեկ տարի դասվարի օգնական չլինի։
  • Օգտագործել էլեկտրոնային հարթակ, որտեղ ուսուցիչները կտեղադրեն իրենց իրականացրած հաջող ծրագրերը, և մի շարք կառույցների կողմից տեղի ունենա ծրագրերի վարկանշավորում, ինչը կձևավորվի լավագույն փորձի բազա:

 

 

Բարեփոխումների ուղղություն 3

 

Երկարաժամկետ. Ներդրումներ ուսուցիչների կրթության մեջ եւ ուսուցիչների կրթության հաստատությունների հիմնարար բարեփոխում.

  • Նշանակալիորեն խստացնել մանկավարժի մասնագիտության ընդունելության եւ գործնականում դասավանդելու իրավունք ստանալու պահանջները՝ միեւնույն ժամանակ նաեւ զգալիորեն բարձրացնելով այդ նոր որակավորումներն ունեցող ուսուցիչների աշխատավարձերը՝ լավագույն թեկնածուներին գրավելու եւ վերապատրաստելու նպատակով.
  • Հիմնավորապես բարեփոխել մանկավարժական կրթություն տրամադրող հաստատությունները՝ զգալիորեն կրճատելով դասավանդվող, գիտական աստիճան շնորհող ծրագրերի քանակն ու դրանք սեւեռելով դեպի բարձր որակավորում ունեցող ուսուցիչների նոր սերնդի ձեւավորում.
  • Ավելացնել կրթությանն ուղղվող ծախսերը, մոբիլիզացնել նվիրատու կազմակերպությունների ֆինանսական միջոցները եւ այդ միջոցների մեծ մասն ուղղել ուսուցիչների կրթության ու վերապատրաստման բարեփոխումներին՝ վերոնշյալի ֆինանսավորման նպատակով։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Դասվարը պետք է լինի ուսուցիչների ամենաբարձր խավը, որը պետք է արտահայտվի թե’ աշխատավարձով, թե’ պետական վերաբերմունքով:
  • Վերապատրաստումը չպետք է լինի պետական մենաշնորհ, պետությունը պետք է ֆինանսավորի այլ որակավորված կազմակերպությունների այդ գործառույթը կատարելու համար:
  • Մանկավարժ պատրաստող բուհերի ծրագրերը և պահանջները անհրաժեշտ է վերանայել: Մասնավորապես պրակտիկ աշխատանքը պետք է լինի կրթական ծրագրի կեսից ավելին: