
Հայաստանի կրթական համակարգի զարգացման հարթակ
«Ապագան կանխատեսելու լավագույն միջոցը այն նախագծելն է»,
— Բաքմինստեր Ֆուլեր։
Սկզբունքներ և նպատակ
Հավասար և բարձրորակ կրթությունը զարգացման, բարեկեցության ու անվտանգության բանաձևն է, և Հայաստանի համար առանցքային է աշխարհում լավագույն կրթությունը հասցնել յուրաքանչյուրի։ Նույնքան առանցքային է ազգային փոխհամաձայնության միջավայրում այդ համակարգի ստեղծման լուծումների մշակումը հենց Հայաստանում՝ տեղական ներուժի գործարկմամբ։
Նոր սերնդի կրթությունը բաց հարթակ է, որի նախաձեռնությամբ կազմակերպվեցին ազգային քննարկում հայկական կրթության ապագայի շուրջ, ինչպես նաև մշակվեց ծրագրային նախագիծ դրա ձևավորման և իրագործման համար։ Հարթակը ներառական է և մշակել է կիրառելի արդյունքներ: Այն համախմբել է անհատների ու կազմակերպությունների ամբողջ ազգային սպեկտրից և շեշտը հատկապես դրել կրթական համակարգից դուրս մասնագետների հետ հաղորդակցման վրա` խթանելով նոր լուծումների առաջացումը:
Ընթացք և արդյունքներ
Նոր սերնդի կրթություն հարթակի աշխատանքը ընթացավ երկու հիմնական քայլերով.
Քայլ առաջին. Խորհրդակցություններ
Առաջին քայլը մեկնարկեց հանրային քննարկումներով, որոնք բաց էին յուրաքանչյուրի համար: Առաջին քայլի առանցքային սկզբունքներից էր ներառականությունն ու թափանցիկությունը. այս փուլում հարթակի շրջանակներում բոլոր գործընթացները բաց էին բոլոր տեսակի շահագրգիռ կողմերի համար, որպեսզի որևէ գաղափար չանտեսվեր, և հեղինակավոր կամ մասնագիտացված դերակատարների ձայները չգերիշխեին նորարարական տեսակետների նկատմամբ։ Ցանկացած անհատ հնարավորություն ունեցավ հետևելու ու մեկնաբանելու այս գործընթացի աշխատանքը՝ լիակատար թափանցիկությամբ։
Այս փուլի շրջանակներում առցանց հարթակում հավաքագրվեցին նախնական գաղափարները Հայաստանի կրթության ապագայի մասին, որոնց շուրջ հաջորդիվ ծավալվեցին նպատակների, սկզբունքների ու մեթոդների վերաբերյալ քննարկումներ: Կրթական համակարգի զարգացմամբ շահագրգռված հաստատությունները, կազմակերպությունները և անհատները հրավիրվեցին կլոր սեղանի ֆորմատով քննարկումների` ներկայացնելու իրենց փորձառությունները, հեռանկարներն ու ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծելու իրենց պատկերացրած ապագայի քաղաքացու կերպարը, որը պետք է ձևավորվի բարեփոխված կրթական համակարգի ազդեցության արդյունքում:
Այս գործընթացի արդյունքում ձևավորված հիպոթեզները քննարկվեցին ու վերամշակվեցին արագացված կարգով, և վերջնական գաղափարների համախումբը դարձավ ծրագրի հիմք։ Բարեփոխումերի առաջնահերթությունը, ինչպես նաև ծրագրի իրականացման տրամաբանությունն ու ռազմավարությունը հետագայում ձևավորվեցին այս հեռանկարի հիման վրա։
Քայլ երկրորդ. Ծրագրի մշակում
Երկրորդ քայլի նպատակը Առաջին քայլի ընթացքում ակտիվ կողմերի համագործակցությամբ ձևավորված նախաձեռնությունների մշակումն էր։
Երկրորդ քայլի առանցքային սկզբունքներն էին իրագործելի ծրագրերի մշակման և հստակ դիրքորոշումների կարևորումը: Այս քայլի ընթացքում ոլորտի փորձագետների հետ հանդիպումների արդյունքում ձևավորվցին բարեփոխումների առաջնահերթություններ. ստեղծվեց իրագործելի և ռեսուրսների բաշխման պլան ու երկարաժամկետ կենսունակության ապահովման ռազմավարություն պարունակող ծրագիր, որի բարեփոխումների ուղղությունները հետևյալն են.
Հանրակրթություն
Ուսուցիչներ
Դասագրքեր
Ծրագրեր
Հաստատություններ
Նախնական և միջին մասնագիտական կրթություն և Բարձրագույն կրթություն
Կապ արդյունաբերության հետ եւ հետազոտական ուղղվածություն
Արդիականացում
Հետազոտություններ և ինովացիա
Գիտություն
Արդիականացում և միջազգայնացում
Ծրագրի մեջ ընդգրկվեցին միջազգային հեղինակավոր մասնագետներ և արտահայտեցին իրենց տեսակետներն գործընթացի ու դրա զարգացման հնարավոր ուղղությունների մասին: Նրանք նաև կիսեցին կրթության բնագավառում համաշխարհային լավագույն փորձի շուրջ իրենց դիրքորոշումները, ինչպես նաև գլոբալ մասշտաբով աշխատանքի ու հմտությունների ապագայի վերաբերյալ իրենց կանխատեսումները:
Քայլ երկրորդ․ Ծրագրի մշակում
Ա. 20.06.2018 — Ընդհանուր կրթական սկզբունքների քննարկում Երևանի ու մարզերի աշակերտների, ուսուցիչների և տնօրենների հետ
Բ. 23.06.2018 — Հանդիպում հանրակրթական ոլորտի մասնագետների հետ
Գ. 27.06.2018 — Հանդիպում բարձրագույն կրթության ոլորտի մասնագետների հետ
Դ. 30.06.2018 — Հանդիպում գիտության ոլորտի մասնագետների հետ
IV․ 07.07.2018 — Մշակված ծրագրերի հանրային ներկայացում և քննարկում։
