Հաստատություններ

Առանցքային հարցեր

 

  1. Ինչպիսի՞ն պիտի լինի Կրթության ազգային ինստիտուտի դերը։
  2. Արդյոք դպրոցական խորհուրդներն անհրաժե՞շտ են։ Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է դրանք գործեն։
  3. Ինչպե՞ս է պետք կազմակերպել մանկավարժական կրթությունն ու վերապատրաստումը։
  4. Ի՞նչ աստիճանի պետք է Կրթության նախարարությունը թելադրի ոլորտի ստանդարտները։

 

Խնդիրներ

 

Անհրաժեշտ է վերանայել եւ բարեփոխման ենթարկել կրթական համակարգի տարբեր մակարդակներում գործող հաստատութենական եւ կառավարման կառույցները։ Հարկ է վերագնահատել պարտականությունների բաժանումը Կրթության եւ գիտության նախարարության ու Կրթության ազգային ինստիտուտի միջեւ, ինչպես նաեւ Կրթության ազգային ինստիտուտի նպաստավոր դերը։ Դպրոցական խորհուրդները, ինչպես նաեւ մանկավարժական կրթություն տրամադրող հաստատությունները ընդհանրապես համարվում են անարդյունավետ։ Եվ վերջապես, հարկ է ավելի հստակ ու մանրամասն սահմանել, թե ինչ աստիճանի պետք է ԿԳ նախարարությունը կամ ԿԱԻ-ն կարգադրեն կրթական ծրագրերի պետական չափորոշիչները։

 

Բարեփոխումների ուղղություն 1

 

Կարճաժամկետ. Կրթության ազգային ինստիտուտի այլընտրանքային դերեր.

  • ԿԱԻ բարեփոխման նախագիծը ներկայացնել հանրային քննարկման՝ այս կառույցի համար սահմանելով հետեւյալ դերերից մեկը կամ մեկից ավելին.

-Կրթական համակարգի տարբեր հայեցակետերի ստանդարտների մշակում.

-Անկախ վերլուծական ու գիտահետազոտական կենտրոնի գործունեություն ՝ որպես ճանաչողական պաշար ԿԳ նախարարության համար.

-Ռազմավարական ծրագրի իրականացում, օրինակ՝ ուսուցիչների վերապատրաստում կամ փորձարարական դպրոցների մշտադիտարկում։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • ԿԱԻ-ին պետք է հանձնվի միայն վերլուծական մասը` քննությունները: Դպրոցը չպետք է միաժամանակ կրթություն տա և քննություն վերցնի: Սա ունի կոռուպցիոն ռիսկեր:
  • Պետք է լինի հարթակ, որտեղ վերապատրաստում անցկացնելու ցանկություն ունեցող ցանկացած անձ կամ կազմակերպություն կարող են տեղադրել իրենց ծրագիրը: Ուսուցիչները կօգտագործեն տվյալ հարթակը իրենց նախընտրած ծրագիրը գտնելու և տվյալ կազմակերպությանը դիմելու համար: Այստեղ հնարավոր կլինի անցնել նեղ մասնագիտական վերապատրաստում:

 

 

Բարեփոխումների ուղղություն 2

 

Կարճաժամկետ. դպրոցական խորհուրդների բարեփոխումներ.

  • Իրականացնել վերլուծություն՝ բացահայտելու դպրոցական խորհուրդների արդյունավետության պակասի հիմնական պատճառները.
  • Որոշարկել ինքնավարության ու ինքնակառավարման այն աստիճանը, որը դպրոցներն ի վիճակի են արդյունավետորեն կենսագործել՝ հաշվի առնելով նրանց ներկա կարողությունները եւ սոցիալական համատեքստը, ինչպես նաեւ քաղաքային, գյուղական եւ մարզային տարբերությունները.
  • Մշակել ու իրականացնել դպրոցական խորհուրդների կառուցվածքի, պարտականությունների եւ լիազորությունների բարեփոխում.
  • Մշակել ու իրականացնել խորհուրդների անդամների վերապատրաստման ծրագրեր՝ հավաստիանալու, որ նրանք իրազեկված են իրենց իրավունքների ու պարտավորությունների մասին։

 

Բարեփոխումների ուղղություն 3

 

Երկարաժամկետ. հիմնավորապես բարեփոխել մանկավարժական կրթություն տրամադրող հաստատությունները.

  • Նշանակալիորեն խստացնել մանկավարժի մասնագիտության ընդունելության եւ գործնականում դասավանդելու իրավունք ստանալու պահանջները՝ միեւնույն ժամանակ նաեւ զգալիորեն բարձրացնելով այդ նոր որակավորումներն ունեցող ուսուցիչների աշխատավարձերը՝ լավագույն թեկնածուներին գրավելու եւ վերապատրաստելու նպատակով.
  • Զգալիորեն կրճատել Մանկավարժական համալսարանի կողմից առաջարկվող, բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճաններ շնորհող կրթական ծրագրերի քանակը՝ հաստատությունը սեւեռելով դեպի բարձր որակավորում ունեցող ուսուցիչների նոր սերնդի ձեւավորում.
  • Ավելացնել կրթությանն ուղղվող ծախսերը, մոբիլիզացնել նվիրատու կազմակերպությունների ֆինանսական միջոցները եւ այդ միջոցների մեծ մասն ուղղել ուսուցիչների կրթության ու վերապատրաստման բարեփոխումներին՝ վերոնշյալի ֆինանսավորման նպատակով։