Ծրագիր

Առանցքային հարցեր

  1. Ի՞նչ հիմնական հատկանիշ պիտի ունենա կրթության պետական ծրագիրը։ Ինչպիսի՞ն պիտի լինի այդ ծրագրի բովանդակությունը։
  2. Կրթական ծրագրում ի՞նչ տեղ պետք է հատկացվի քաղաքացիական կրթությանն ու ազգային ինքնության զարգացմանը։
  3. Ինչպե՞ս է պետք դասագրքերն արդյունավետ օգտագործել կրթության պետական ծրագրում։
  4. Արդյոք հա՞րկ է ունենալ կրթական ծրագրերի ու դպրոցների տեսակների մեծ բազմազանություն, թե՞ դրանք պետք է լինեն առավելապես միանման։

 

Խնդիրներ

 

Իրականացվող հանրակրթական ծրագրերն ու Կրթության եւ գիտության նախարարության կողմից սահմանված պետական կրթական չափորոշիչները չեն արտահայտում որեւէ հստակ տեսլական կամ որոշակի կրթական գերակայություններ Հայաստանի կրթության համակարգի համար։ Դրանք ներառում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են շախմատի դասավանդումը կամ եկեղեցու պատմություն առարկան, որոնք ավելացվել են` առանց հստակ հիմնավորման, ինչպես նաեւ կան հնացած թեմաներ, որոնք բացարձակապես կորցրել են բոլոր կապերն այսօրվա իրականության հետ։ «STEM/ԳՏՃՄ» (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա) թեմաների շեշտադրումը չի համատեղվում ստեղծականության ու վերլուծական մտածողության ամրապնդման հետ, իսկ դպրոցական ուսումնական պլաններում բացակայում են բազմազանության նկատառումները։

 

Բարեփոխումների ուղղություն 1

 

Կարճաժամկետ. արդիականացնել եւ ռացիոնալացնել գործող պետական կրթական չափորոշիչները.

  • Պարզեցնել պետական կրթական չափորոշիչները՝ հեռացնելով ոչ հիմնական թեմաները, որոնք ծրագրում ներառվել են հատուկ շահերի առկայության պատճառով.
  • Ընդգծել մաթեմատիկայի եւ գրավոր հայերենի հմտությունների կարեւորությունը.
  • Վերացնել անգիր անելու եւ մեխանիկական հիշողությամբ սովորելու բոլոր դրսեւորումները՝ շեշտադրելով խնդիրների լուծումը, սովորելու հմտությունները, վերլուծական մտածողությունը, ստեղծականությունը եւ փոխանցելի հմտությունների յուրացումը.
  • Լուծել ԳՏՃՄ առարկաների եւ արվեստի ու հումանիտար առարկաների միջեւ հավասարակշռության/ գերակայության խնդիրները եւ վերացնել գենդերային անհավասարակշռությունը պետական կրթական չափորոշիչներում եւ դասագրքերում։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • Պետության կողմից պետք է սահմանվեն միայն չափորոշիչները, և նվազագույնն ապահովելու խնդիր դրվի, իսկ մեթոդները և ծրագրերը պետք է ստեղծեն ուսուցիչները:
  • Ծրագիր ընդունելու կարգը պետք է փոխվի, մասնավորապես եթե ծրագիրը գրում է նեղ մասնագետ, ընդունողները չպետք է լինեն նույնը:

 

 

Բարեփոխումների ուղղություն 2

 

Կարճաժամկետ. շարունակել Հայաստանի կրթության ապագայի տեսլականի մշակումը.

  • Շարունակել Հայաստանի կրթության ապագայի մանրամասն տեսլականի մշակումը՝ պետության եւ տնտեսության զարգացման ընդհանուր տեսլականին զուգահեռ.
  • Տեսլականի շուրջ հասնել փոխհամաձայնության՝ հանրային քննարկումների, հանրային իրազեկման դասընթացների եւ ազդեցիկ ուղերձների ու տեսողական նյութերի մշակման միջոցով.
  • Քարտեզագրել կրթական համակարգի ներկա վիճակը՝ ըստ տեսլականում արտացոլված պահանջների՝ նպատակ ունենալով վերհանել փոփոխման ու զարգացման ենթակա ոլորտները։

 

Բարեփոխումների ուղղություն 3

 

Երկարաժամկետ. հիմնավորապես վերափոխել հանրակրթության պետական կրթակարգը, որպեսզի այն համապատասխանի կրթության նոր տեսլականին.

  • Նախաձեռնել պետական կրթական չափորոշիչների ամբողջական վերանայում եւ լրամշակում՝ շտկելու Հայաստանի կրթության նոր տեսլականից շեղումները.
  • Փորձարարական դպրոցների համար ստեղծել հնարավորություններ՝ առաջարկելու եւ փորձաքննության ենթարկելու ուսումնական նոր ծրագրեր ու մոդելներ եւ մանկավարժական մոտեցումներ՝ Հայաստանի կրթության նոր տեսլականին համահունչ.
  • Վերափոխել դասագրքերը եւ այլ ուսումնական նյութերը, առարկայական ծրագրերը եւ դպրոցների ուսումնական պլանները, որպեսզի դրանք համապատասխանեն կրթության նոր պետական կրթական չափորոշիչներին։

 

Լրացուցիչ կարծիքներ

 

 

  • ԿԳՆ-ին կից պետք է ստեղծվի կրթության ազգային խորհուրդ՝ հասարակական հիմունքներով (չպետք է ստանա աշխատավարձ և դրամաշնորհներ)։ Այն պետք է ունենա փոփոխվող անդամակցություն եւ ներառի միջազգային փորձագետների, կազմակերպի սեմինարներ եւ այլն, անընդհատ ուղղորդի ոլորտի զարգացումը:
  • Ծրագրերը պետք է ինտեգրվեն, քանի որ առարկաները շատ են, աշակերտները՝ ծանրաբեռնված: Օրինակ՝ հայոց լեզու և գրականություն, բնագիտության առարկաները, նաև արհեստ-արվեստը չպետք է տարանջատել մինչև 7-8 դասարաններ:
  • Անհրաժեշտ է հրաժարվել քննական համակարգից և անցնել պորտֆոլիոների, որը աշակերտը կհավաքի տարվա կտրվածքով։