Առաջարկ Վահան Մելքոնյանից

Կարող եմ ու ուզում եմ դասավանդել լեզուներ (թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ադրբեջաներեն, արաբերեն, իսպաներեն, ռուսերեն, պարսկերեն) ու նաև պատմություն ու գրականություն:
Լեզուներ սովորեցնելով՝ կարելի էր նաև զգալի դաստիարակչական աշխատանք կատարել փոքր տարիքի աշակերտների ու աշակերտուհիների հետ: Պարզագույն օրինակը՝ առողջ ապրելակերպին, ֆիզիկական/մարտական պատրաստվածությանը ուշադրություն դարձնելը, քանի որ լեզուն՝ ճիշտ մատուցվելու դեպքում, հետաքրքրություն է առաջացնում նաև այն օգտագործող ազգի ու մշակույթի նկատմամբ, օր.՝ չինարեն սովորեցնելով մարտարվեստներով հետաքրքրելը:
Երաժշտական դպրոց էլ եմ ավարտել (կիթառ) ու էս պահին ակադեմիական նկարչություն եմ սովորում : Տեսականորեն կարելի էր դա էլ ինկորպորացնել դասերին: Ենթադրում եմ, որ մի քանի ամսից կամ մի տարուց որոշ աստիճանի նկարչություն էլ արդեն կկարողանամ դասավանդել (համենայն դեպս փոքրերին, որտեղ դեռ կարիք չկա ակադեմիական վարպետության գերագույն աստիճանների):

Այսինքն՝ չսահմանափակվել միայն բուն լեզուներով:
Գերմաներեն սովորացնելիս՝ Albrecht Duerer-ի մասին պատմել, օրինակ ու նրա միջոցով՝ Հյուսիսային Ռենեսանսի ու ավելի լայնորեն՝ առհասարակ դասական արվեստից խոսել:

Դասավանդելուս փորձն ասում է, որ կարևորագույնը ոչ թե կոնկրետ առարկա սովորեցնելն է, այլ սովորել սովորեցնելը՝ նյութի հետ աշխատելը, հետաքրքրված լինելը:

Երկրում ադրբեջաներեն իմացողների պակաս ունենք (իմացողների զգալի մասը ներգաղթողներն են, որոնց դեպքում արդեն առաջանում է տարիքային խնդիր): Սա առանձին մի ուղղություն կարող էր լինել՝ պատրաստել ադրբեջաներենի մասնագետներ:

Հնարավոր է գերմաներեն սովորեցնել անգլերենով կամ ֆրանսերենով: Էդպես հայախոս աշակերտներին կօգնենք առավել արագ յուրացնել մի քանի լեզու կարճ ժամանակում:

Պետք չէ, որ բոլորը լինեն լեզվաբաններ: Թող դառնան բժիշկներ, նկարիչներ, ծրագրավորողներ, որոնք կիմանան, ամեն դեպքում, մի քանի լեզու՝ դա նախ ընդհանուր զարգացածության ու մտահորիզոնի վրա դրական կազդի, բացի դրանից՝ կդյուրացնի սովորողների մասնագիտական աճն ու նոր հնարավորությունների ձեռքբերումը:

Գլխավոր նպատակս, ասում եմ, անգլերեն կամ այլ լեզու սովորեցնելը չէ. ուզում եմ հասարակության մեջ դրական փոփոխություններ առաջացնել: Ուզում եմ փոքրանա լխկած, ափաթիկ, չմոտիվացված, միջակ մարդկանց թիվը, առաջ գա պատասխանատու, հետաքրքրված, ջանասեր սերունդ, ուստի հատուկ կարևորում եմ երեխաների հետ աշխատանքը: Հայաստանում սրա կարիքը շատ կա:
Ի դեպ՝ հայերենի վերաբերյալ: Առանձին բնագավառ է դեպի հայերեն թարգմանվող գրականությունը, հայերեն բառարանների, դասագրքերի ստեղծումը (դրանք հիմա սոսկալի վատ վիճակում են): Կարելի է ստեղծել առանձին թարգմանչական կորպուս, որ ամեն տարի հարյուրավոր հատորներ կթարգմանի հայերեն. թարգմանությունը լեզվի զարգացման կարևորագույն տարրերից է:

Սա մտքերիս շատ կարճ շարադրումն է: Հնարավորության դեպքում ավելին կփորձեմ ներկայացնել:

Վահան Մելքոնյան