Առաջարկ Զարյա Ղուլյանից

Առաջարկություն` հանրակրթության ավագ դպրոցի վերաբերյալ

Միջազգային հետազոտությունների համաձայն, որը 3 տարին մեկ անցկացնում է տնտեսական համագործակցության և զարգացման հեղինակավոր կազմակերպությունը, ֆինն դպրոցականները ցուցաբերել են աշխարհում ամենաբարձր կրթական մակարդակը:

<<Կամ մենք պատրաստում ենք կյանքի համար կամ քննությունների. Մենք ընտրում ենք 1-ինը>>: Սա է ֆինների կրթության նկատմամբ մոտեցումը, այսպես ասած` հիմնաքարը: Սակայն մենք ընտրեցինք 2-րդը: Սա փաստ է և սա է վկայում այն, որ այսօր աշակերտները ոչ թե սովորում, այլ պատրաստվում են միասնական քննություններին, սովորում կամ անգիր են անում շտեմարաններ:

Կրկնուսուցումն այսօր ամուր արմատներ է ձգել մեր հասարակության մեջ մի քանի պատճառներով.
— Կրթական իրականությունը /ընդունելության քննությունների բովանդակությունը/ իրականում չի համապատասխանում պետական չափորոշիչներին ու ծրագրերին, ինչու չէ, նաև դասագրքերին, ուստի փոխվեց հասարակական մտածողությունը, անվստահությունը դպրոցի ու նրա տված գիտելիքի նկատմամբ:
— Դպրոցի պարտականություններ հանդիսացող աշխատանքի զգալի մասը ծնողի վրա է, մասնավորապես, ստիպված է դիմելու կրկնուսույցի օգնությանը: Իսկ կրկնուսուսուցումը ընդգծում և խորացնում է սոցիալական անհավասարությունը:
— Արդեն առկա սոցիալական անհավասարությունն էլ ավելի կսրի ԱԲ կրթությունը:
— Ավագ դպրոցն ի սկզբանե միտված էր մասնագիտական կողմնորոշմանը և պետք է հանդիսանար միջանկյալ օղակ դպրոցի և ԲՈՒՀ-ի միջև: Սակայն այս առանցքային խնդիրը, որ պետք է դառնար գերնպատակ, վերածվեց ինքնանպատակ գործընթացի. մասնագիտական կողմնորոշում ասելով հասկացվում է մի հոսքից մյուս հոսքն ուղղորդելը կամ տեղափոխելը:

Առաջարկում եմ կրթական համակարգում կատարել այսպիսի փոփոխություն. Ավագ դպրոցի երկու ուստարին տեղափոխել հիմնական դպրոցի բարձր դասարաններ` ինչպես նախկինում էր: Դպրոցն ավարտելուց հետո նրանք, ովքեր ցանկություն ունեն ուսումը շարունակել ԲՈՒՀ-ում, պարտադիր պետք է անցնեն մեկ ուստարվա (34 շաբաթ) կուրս` առանձին ուսումնական կենտրոնում, որտեղ
— սովորողները լրջորեն կնախապատրաստվեն կրթական բարձրագույն հաստատություններ ընդունվելուն. առավելագույնը 5-6 հոգանոց խմբերով առարկայական դասընթացներ (կփոխարինվի կրկնուսուցմանը),
— որոշ առարկաներ ԲՈՒՀ-ից տեղափոխել այդ դաշտ,
— սովորողները կանցնեն մասնագիտական կողմնորոշման պրակտիկա:

Ներկա սոցիալ-քաղաքական իրավիճակում ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը պահելը նպատակահարմար է:

Զարյա Ղուլյան