Առաջարկ Գայանե Ղարիբյանից

Հաշվի առնելով մեր երկրի զարգացման հեռանկարները (բարձրագույն տեխնոլոգիաներ, ռազմարդյունաբերություն, գյուղատնտեսություն, տուրիզմ), աշխարհում տեղի ունեցող որակական փոփոխություններն ու առաջընթացը՝ մարդկային ինտելեկտի և արհեստական ինտելեկտի տեղատվությունը, մարդ-համակարգիչ, մարդ-մեքենա, մարդ-մարդ համագործակցություններն ու մրցակցությունները, իմ աշխատանքի ընթացքում կատարած դիտարկումները և այլն, առաջարկում եմ հանրակրթության ոլորտում կատարել հետևյալ փոփոխությունները:
1. Հոսքային ուսուցումը (ֆիզմաթ, բնագիտական, հումանիտար, արվեստ և մշակույթ, և այլն) սկսել 7-րդ դասարանից:
Սովորողներն ունեն տարբեր նախասիրություններ և ընդունակություններ: Հրաժարվելով պարտադրված ուսուցումից պետք է այս տարիքի սովորողներին հնարավորություն տանք զբաղվել սիրված առարկաներով՝ ուսումը դարձնելով ամենահաճելի զբաղմունքը:
2. Ավելացնել օտար լեզուներին հատկացված դասաժամերը, (առանց կրկնուսույցների չենք կարողանում ձևավորել և զարգացնել բանավոր և գրավոր հաղորդակցական կարողությունները):
3. Վերանայել դասագրքերը, առարկայացանկերը՝ դրանք արդիականացնել:
4. Դասարաններում սովորողների առավելագույն թիվը սահմանել 25-ը:
5. Նվազեցնել սովորողների շաբաթական ծանրաբեռնվածությունը, հնարավորություն տալ նրանց ըստ նախասիրությունների օգտագործել ազատ ժամանակը՝ ընդգրկելով տարբեր աշխատնաքներում:
6. Ուսուցումը դարձնել աշակերտակենտրոն: Աշակերտը պետք է դառնա նյութական և երևակայական պրոդուկտների, արժեքների ստեղծողը, պատրաստողը: Ընդգրկված լինելով տարբեր աշխատանքներում, լինելով նախաձեռնող, կազմակերպող, պլանավորող, մասնակից և այլն, սովորողը կձգտի ձեռք բերել գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են աշխատանքն ավարտին հասցնելու, վերջնարդյունքը ստանալու, ներկայացնելու համար: Սովորողն այլևս չի ուզում լինել հսկայածավալ, իսկ երբեմն չկիրառվող գիտելիքներ պաշարող ամբար:
7. Տարրական դպրոցում գնահատումը կատարել միայն բնութագրման միջոցով: Իսկ միջին և ավագ դպրոցներում՝ վաղուց իրեն սպառած, այլակերպված միավորային գնահատականներն աստիճանաբար փոխարինել նոր գործիքաշարերով (նախագծային, հետազոտական աշխատանքներ, վիկտորինաներ, կլոր սեղաններ, միջոցառումներ և այլն): Միաժամանակ բուժելով հասարակության գերազանցիկամոլություն հիվանդությունն ունեցող անդամներին, կրթության գործընթացի բոլոր մասնակիցների ուժերն ուղղել հանրակթրության հիմնական նպատակին՝ անձի ուսուցմանն ու դաստիարակությանը:
8. Ստեղծել նպաստող միջավայր, հարմարավետ պայմաններ, կադրերի ընտրման, կառավարման ճիշտ մեխանիզմներ, տրամադրել բավարար ֆինանսական միջոցներ ֆիզիկապես առողջ, համարձակ, նախաձեռնող, մտածող, ստեղծագործող, մրցունակ, ոչ մեծ ինտելեկտ պահանջող աշխատանքներ կատարող, շարունակական կրթության պահանջ ունեցող, մարդասեր, և այլն հանրակարթական դպրոցի շրջանավարտ ունենալու համար:

Գայանե Ղարիբյան